Խաղի Կանոններ
TV Lotto - անվճար ժամանցային խաղ բոլորի համար
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.1. Ընդհանուր տեղեկություններ
1.1.1. «TV Lotto»-ն (այսուհետ՝ Խաղ) ժամանցային և լիովին անվճար խաղ է, որը կազմակերպվում է «ՊԼԱՏՔԱՐՏ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 08431423) կողմից (այսուհետ՝ Կազմակերպիչ)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնների:
1.1.2. Խաղը չի դասվում շահումով խաղերի կամ վիճակախաղերի կարգավիճակում ՀՀ օրենսդրության իմաստով։
1.1.3. Խաղը կազմակերպվում է համացանցում (tvlotto.am կայք) և համացանցային տեսալսողական հարթակում (YouTube ալիք): Խաղը հիմնված է մասնակիցների անձնական ընտրության վրա:
1.1.4. Սույն կանոնները հասանելի են Կազմակերպչի պաշտոնական կայքում՝ tvlotto.am, ինչպես նաև YouTube-յան ալիքում: Կազմակերպիչն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխություններ կատարել սույն կանոններում: Փոփոխված տարբերակը ուժի մեջ է մտնում կայքում հրապարակման պահից, բայց ոչ ուշ, քան հերթական խաղարկությունից 24 ժամ առաջ:
Հոդված 1.2. Նպատակը
1.2.1. Խաղի գլխավոր նպատակն է ստեղծել ջերմ, ուրախ և անմոռանալի մթնոլորտ բոլոր մասնակիցների համար: Մենք ձգտում ենք ապահովել այնպիսի հաճելի և անվճար ժամանց, որը կմիավորի մարդկանց, կպարգևի դրական էմոցիաներ և կդառնա ընկերների ու ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու լավագույն միջոցներից մեկը:
1.2.2. Բացի հաճելի էմոցիաներ պարգևելուց, խաղը նաև խթանում է տրամաբանական մտածողությունը, ինչպես նաև նպաստում է թվերի և հավանականությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը:
Հոդված 1.3. Հիմնական հասկացություններ
- 1.3.1. Խաղ՝ սույն կանոններով սահմանված կարգով անցկացվող ժամանցային նախագիծ:
- 1.3.2. Կազմակերպիչ՝ «ՊԼԱՏՔԱՐՏ» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 08431423):
- 1.3.3. Մասնակից՝ ցանկացած ֆիզիկական անձ, ով համապատասխանում է սույն կանոնների 2-րդ գլխում նշված պահանջներին և գրանցվել է Խաղին:
- 1.3.4. Խաղաքարտ՝ էլեկտրոնային ձևաթուղթ, որը պարունակում է 30 թիվ՝ 1-90 միջակայքից, դասավորված 6 հորիզոնական տողերում՝ յուրաքանչյուր տողում 5 թիվ:
- 1.3.5. Խաղարկություն՝ սույն կանոններով սահմանված կարգով անցկացվող միջոցառում, որի արդյունքում որոշվում են հաղթող թվերը:
- 1.3.6. Հաղթող թվեր՝ խաղարկության արդյունքում որոշված թվերի համակցություն:
- 1.3.7. Համընկնում՝ մասնակցի խաղաքարտում առկա թվերի և հաղթող թվերի համընկնում:
- 1.3.8. Մրցանակ՝ խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին տրվող պարգև (ապրանք, ծառայություն, նվեր քարտ կամ այլ ոչ դրամական նվեր):
- 1.3.9. Հաղթող՝ մասնակից, ում խաղաքարտում առկա են սահմանված քանակի համընկնումներ:
ԳԼՈՒԽ 2. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 2.1. Մասնակիցների պահանջները
2.1.1. Խաղին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող անձինք, ովքեր՝
- (ա) լրացել են 18 տարին.
- (բ) բաժանորդագրված են TV Lotto YouTube-յան ալիքին.
- (գ) հետևում են TV Lotto-ի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին.
- (դ) ընդունում են սույն կանոնները և տալիս են համաձայնություն անձնական տվյալների մշակմանը:
Հոդված 2.2. Անձնական ընտրություն և անվճար մասնակցություն
2.2.1. Մասնակիցը ձևավորում է իր խաղաքարտը՝ ընտրելով 30 թվեր 1-ից 90 միջակայքում։ Խաղաքարտի ձևավորումը և խաղին մասնակցությունը լիովին անվճար է բոլոր մասնակիցների համար։ Մասնակցությունը որևէ վճար, գնում կամ ֆինանսական պարտավորություն չի պահանջում և չի կարող մեծացնել հաղթելու հավանականությունը։
2.2.2. Մասնակիցը կարող է ուսումնասիրել կայքում հասանելի «Արխիվ» բաժնի տվյալները և թվերի դուրսբերման հաճախականությունը՝ իր անձնական ընտրությունը կատարելու համար։
2.2.3. Նախագծի շրջանակներում տրամադրվող բոլոր նվերները, մրցանակները և խրախուսանքները ձևավորվում ու ֆինանսավորվում են բացառապես «ՊԼԱՏՔԱՐՏ» ՍՊԸ-ի գործընկերների կողմից տրամադրված հովանավորչական միջոցների, ինչպես նաև գովազդատուների կողմից պատվիրված գովազդային և մարքեթինգային ծառայությունների դիմաց Ընկերությանը վճարված հասույթի հաշվին։
Հոդված 2.3. Խաղաքարտի ձևավորում
2.3.1. Խաղաքարտը բաղկացած է 30 թվից՝ ընտրված 1-ից 90 թվերի միջակայքից: Խաղաքարտն ունի 6 հորիզոնական տող, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինի 5 թիվ:
2.3.2. Խաղաքարտի թվերը չեն կարող կրկնվել: Յուրաքանչյուր թիվ կարող է օգտագործվել միայն մեկ անգամ մեկ խաղաքարտում:
2.3.3. Մասնակիցն ինքնուրույն է ընտրում իր խաղաքարտի թվերը 1-90 միջակայքից՝ կատարելով անձնական ընտրություն՝ հիմնված անձնական նախասիրությունների վրա:
2.3.4. Մասնակիցն իրավունք ունի՝
- (ա) ձեռքով մուտքագրել թվերը.
- (բ) օգտվել «Ստեղծել ավտոմատ» գործառույթից, որից հետո կարող է փոփոխել ցանկացած թիվ.
- (գ) փոփոխել թվերը մինչև տվյալ խաղաքարտի վերջնական հաստատումը:
2.3.5. Խաղաքարտի ձևավորման ընթացքում մասնակիցը՝
- ընտրում է 30 թվեր 90 հնարավորից,
- ապահովում է, որ թվերը չկրկնվեն,
- որոշում է թվերի դասավորությունը 6 տողերում,
- կատարում է իր անձնական ընտրությունը։
ԳԼՈՒԽ 3. ԽԱՂԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հոդված 3.1. Խաղարկության անցկացումը
3.1.1. Խաղարկությունն անցկացվում է ուղիղ եթերում ամեն շաբաթվա կիրակի օրը:
3.1.2. Ուղիղ եթերը հեռարձակվում է TV Lotto-ի պաշտոնական YouTube-յան էջում («TV Lotto» ալիքով):
3.1.3. Խաղարկության ընթացքում ընտրվում են հաղթող թվեր 1-ից 90 միջակայքից: Թվերի ընտրությունը դիտարկվում է որպես անկանխատեսելի փոփոխական, որի նկատմամբ մասնակիցները կատարում են իրենց անձնական ընտրությունը:
Հոդված 3.2. Խաղի 10 փուլերը
3.2.1. Խաղն ունի ընդհանուր մրցակցային 10 փուլ: Յուրաքանչյուր փուլում որոշվում են հաղթողներ՝ մասնակցի կատարած ընտրության և հաղթող թվերի համընկնման արդյունքում․
- Փուլ 1 – Հաղթում է այն խաղաքարտը, որի որևէ հորիզոնական տողի 5 թվերն առաջինն են ամբողջությամբ համընկնում խաղարկված թվերի հետ։
- Փուլ 2 – Հաղթում է այն խաղաքարտը, որի որևէ աղյուսակի 15 թվերն առաջինն են ամբողջությամբ համընկնում խաղարկված թվերի հետ։
- Փուլ 3 – Հաղթում է այն խաղաքարտը, որի երկու աղյուսակների բոլոր 30 թվերն առաջինն են ամբողջությամբ համընկնում խաղարկված թվերի հետ։
- Փուլեր 4-10 – Հաղթում է այն խաղաքարտը, որի բոլոր 30 թվերը համընկնում են խաղարկված թվերի հետ 3-րդ փուլի ավարտից հետո։ Այս փուլերի հաղթողները որոշվում են հաջորդաբար խաղարկվող յուրաքանչյուր թվի դեպքում՝ պարգևատրելով համապատասխան անձնական ընտրություն կատարած մասնակիցներին։
3.2.2. Յուրաքանչյուր փուլ կարող է ունենալ մեկից ավելի հաղթող: Բոլոր հաղթողները ստանում են մրցանակներ՝ համաձայն պաշտոնապես սահմանված ցանկի:
Հոդված 3.3. Խաղարկության անցկացման կարգը
3.3.1. Խաղարկությունն անցկացվում է հետևյալ ընթացակարգով՝
- (ա) ուղիղ եթերի ընթացքում ցուցադրվում է խաղաքարերի (թվերի) դուրսբերումը պարկից.
- (բ) պատահականության սկզբունքով 1-90 միջակայքից հանվում են հաղթող թվերը.
- (գ) գործընթացն իրականացվում է թափանցիկության սկզբունքով՝ հեռուստադիտողների անմիջական հսկողության ներքո:
3.3.2. Հաղթող խաղաքարտերի տվյալները խաղարկության ավարտից հետո անհապաղ հրապարակվում են կայքի «Արխիվ» բաժնում:
ԳԼՈՒԽ 4. ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Հոդված 4.1. Որպես անվճար ժամանցային խաղ՝ նախագծի շրջանակներում տրամադրվող բոլոր նվերները, մրցանակները և խրախուսանքները տրամադրվում են մասնակիցների հաջողված և ճշգրիտ ընտրության դիմաց՝ ձևավորվելով ու ֆինանսավորվելով բացառապես «ՊԼԱՏՔԱՐՏ» ՍՊԸ-ի գործընկերների կողմից տրամադրված հովանավորչական միջոցների, ինչպես նաև գովազդատուների կողմից պատվիրված գովազդային և մարքեթինգային ծառայությունների դիմաց Ընկերությանը վճարված հասույթի հաշվին։ Մրցանակները և գործընկերների անունները հայտարարվում են յուրաքանչյուր խաղարկությունից առնվազն 3 օր առաջ՝ կայքի գլխավոր էջում և սոցիալական ցանցերում:
4.2. Մրցանակները նախատեսվում են նյութական՝ նվեր քարտեր, ավտոմեքենաներ, էլեկտրոնիկա, ճամփորդական փաթեթներ և այլն: Յուրաքանչյուր խաղարկության համար սահմանված մրցանակների ցանկը և նկարագրությունը հրապարակվում են նախքան խաղարկության մեկնարկը:
Հոդված 4.3. Մրցանակների տրամադրման կարգը
4.3.1. Հաղթողի հետ կապ է հաստատվում գրանցման ժամանակ նշված կոնտակտային տվյալներով խաղարկությունից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
4.3.2. Հաղթողը պարտավոր է պատասխանել Կազմակերպչի ծանուցմանը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում և համաձայնեցնել մրցանակի ստացման կարգը:
4.3.3. Եթե հաղթողը չի պատասխանում սահմանված ժամկետում կամ հրաժարվում է մրցանակից, ապա մրցանակը տրամադրվում է պահուստային հաղթողին (եթե այդպիսին առկա է) կամ փոխանցվում է հաջորդ խաղարկությանը:
4.3.4. Մրցանակը չի կարող փոխարինվել կանխիկ գումարով կամ այլ մրցանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ Կազմակերպիչը, անկախ հանգամանքներից, չի կարող ապահովել մրցանակի տրամադրումը: Այդ դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի մրցանակը փոխարինել համարժեք արժեքի մեկ այլ մրցանակով:
4.3.5. Խաղի անվճար բնույթից ելնելով՝ մրցանակների (այդ թվում՝ ոչ դրամական, ինչպիսիք են ավտոմեքենաները, տեխնիկան և այլն) հանձնման հետ կապված ՀՀ օրենսդրությամբ սահմանված եկամտային հարկը և այլ պարտադիր վճարները հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում Կազմակերպչի (կամ համապատասխան հովանավորի/գործընկերոջ) կողմից՝ որպես հարկային գործակալ, իր սեփական միջոցների հաշվին: Հաղթողը որևէ հարկային կամ լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չի կրում մրցանակի ընդունման համար, բացառությամբ մրցանակի սեփականության գրանցման կամ հետագա շահագործման հետ կապված ծախսերի (եթե այդպիսիք առկա են)։
ԳԼՈՒԽ 5. ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5.1. Հաղթողի իրավունքները
5.1.1. Հաղթողն իրավունք ունի ստանալու իրեն հասանելիք մրցանակը սույն կանոններով սահմանված կարգով:
5.1.2. Հաղթողն իրավունք ունի հրաժարվել մրցանակից` տեղեկացնելով այդ մասին Կազմակերպչին:
5.1.3. Հաղթողն իրավունք ունի պահանջելու մրցանակի տրամադրման հետ կապված ցանկացած տեղեկություն:
Հոդված 5.2. Հաղթողի պարտականությունները
5.2.1. Մրցանակն ընդունելով՝ հաղթողը համաձայնում է՝
- (ա) մասնակցել Կազմակերպչի կողմից կազմակերպվող հարցազրույցներին, հրապարակումներին կամ հրապարակային միջոցառումներին.
- (բ) սոցիալական ցանցերում տարածել մրցանակի ստացման մասին լուսանկարներ և/կամ տեսանյութեր.
- (գ) տրամադրել հետադարձ կապ մրցանակը ստանալուց հետո:
5.2.2. Հաղթողը Կազմակերպչին տալիս է իր համաձայնությունը՝ օգտագործելու իր անունը, պատկերը, հարցազրույցները, լուսանկարները և տեսանյութերը գովազդային և մարքեթինգային նպատակներով, որը կարող է հետ կանչվել օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ
Հոդված 6.1. Անձնական տվյալների հավաքագրում
6.1.1. Մասնակցության հայտ ներկայացնելով՝ մասնակիցը տալիս է իր համաձայնությունը Կազմակերպչի կողմից իր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար՝ խաղի կազմակերպման և անցկացման նպատակով:
6.1.2. Անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
Հոդված 6.2. Տվյալների օգտագործում
6.2.1. Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են միայն խաղի անցկացման, հաղթողների հետ կապ հաստատելու և մրցանակները տրամադրելու նպատակներով:
6.2.2. Կազմակերպիչը պարտավորվում է չփոխանցել մասնակիցների անձնական տվյալները երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 6.3. Տվյալների պահպանում
6.3.1. Մասնակիցների անձնական տվյալները պահպանվում են խաղի ամբողջ ընթացքում և դրա ավարտից հետո՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
6.3.2. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի պահանջել իր տվյալների ուղղում, հեռացում կամ մշակման դադարեցում` ուղարկելով համապատասխան դիմում Կազմակերպչի էլեկտրոնային հասցեով:
ԳԼՈՒԽ 7. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 7.1. Մասնակցի որակազրկում
7.1.1. Կազմակերպիչն իրավունք ունի որակազրկել մասնակցին առանց նախազգուշացման հետևյալ դեպքերում՝
- (ա) կեղծ տվյալների ներկայացում.
- (բ) խաղի ընթացքում խարդախության փորձ.
- (գ) խաղի կանոնների կոպիտ խախտում.
- (դ) այլ մասնակիցների նկատմամբ անպատշաճ վարքագիծ:
- (ե) Մեկից ավելի օգտահաշիվների ստեղծում նույն անձի կողմից (multi-accounting):
Հոդված 7.2. Ֆորս-մաժոր
7.2.1. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում խաղի չեղարկման կամ հետաձգման համար, եթե դա տեղի է ունեցել ֆորս-մաժորային հանգամանքների հետևանքով:
Հոդված 7.3. Վեճերի լուծում
7.3.1. Սույն կանոնների հետ կապված բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:
7.3.2. Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 7.4. Կանոնների փոփոխություն
7.4.1. Կազմակերպիչն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխություններ կատարել սույն կանոններում:
7.4.2. Փոփոխված կանոններն ուժի մեջ են մտնում կայքում հրապարակման պահից, բայց ոչ ուշ, քան հերթական խաղարկությունից 24 ժամ առաջ:
ԳԼՈՒԽ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8.1. Կանոնների ընդունում
8.1.1. Մասնակցության հայտ ներկայացնելով՝ մասնակիցը հաստատում է, որ՝
- (ա) ծանոթացել է սույն կանոններին.
- (բ) լիովին համաձայն է դրանց.
- (գ) կրում է դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ռիսկի հետևանքները:
8.1.2. Մասնակցության հայտ ներկայացնելով՝ մասնակիցը լրացուցիչ հաստատում է, որ՝
- (ա) հասկանում է, որ խաղը ժամանցային բնույթ ունի և հիմնված է անձնական ընտրության վրա.
- (բ) գիտակցում է, որ խաղը չի հանդիսանում շահումով խաղ կամ վիճակախաղ.
- (գ) հասկանում է, որ մրցանակները տրամադրվում են որպես նվեր գործընկերների կողմից, այլ ոչ թե շահում:
- (դ) հանդիսանում է չափահաս ֆիզիկական անձ (լրացել է նրա 18 տարին):
Հիշեցում. Մասնակցե՛ք պատասխանատվությամբ։ «TV Lotto»-ն անվճար ժամանցային հարթակ է, որը նախատեսված է հաճելի ժամանակ անցկացնելու, դրական լիցքեր ստանալու և առօրյա հոգսերից կտրվելու համար։ Թող յուրաքանչյուր խաղարկություն ձեզ պարգևի միայն ուրախություն և լավ տրամադրություն:
